Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերադասավորություններ

Վերադասավորություններ
01.11.2016 | 00:59

«Բայղուշություն» չանենք, սակայն հանուն արդարության փաստենք՝ քանի որ սկսված քաղաքական դասավորությունները հետապնդում են մեկ իդեա-ֆիքս` մանդատ ունենալ ապագա խորհրդարանում, ուստի որքան էլ ոմանք պնդեն, թե դաշինքները չպետք է լինեն «դեմքի արտահայտության և մաշկի գույնի» քննարկումների մակարդակում, եղել է, կա ու դեռ կլինի այդպես, որովհետև ընտրություններից երեք-չորս ամիս առաջ ստեղծվող միավորը երբեք չի կարող ներքին-բովանդակային պահանջարկի արդյունք լինել և լուրջ փոփոխությունների դաշտ ապահովել:


Այժմ առավել առարկայական` սկսված գործընթացների մասին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր (եթե այդպիսին կա) մասով:
Իշխանություն. այստեղ, ասել ենք, թարմացվելու է ՀՀԿ-ն, Կարեն Կարապետյանի շուրջը որոշակի աղեղ է ստեղծվելու, զուգահեռաբար` ՀՅԴ-ին, որպես աշխարհասփյուռ կուսակցության, քարտ-բլանշ է տրվելու, որոշակի պահից խաղի մեջ է «ներարկվելու» «մուտիլովշչիկներին» ու «շպիոններին» մի հայացքով որսացող Գագիկ Կոլյայիչը, սակայն իշխանական խաղի ողջ հմայքն այս երևացող «ֆիգուրները» չեն:


Ղեկավարելի քաոսն այս անգամ գլոբալ շերտեր ունի: Այո, առաջնահերթ խաղարկման մեջ է «գլոբալ հայեր» նախագիծը, որն օրերս ստորագրվեց հայտնի «համաշխարհային» հայերի կողմից, ինչը իսկապես հետաքրքիր է, որովհետև նախագծում բոլորը հեղինակություններ են, փող կա, ազդեցությունների հսկա դաշտ` նույնպես: Եվ արված է «աշխարհի մակարդակով»: Շարունակությամբ` ստեղծվում է «Միասնական Արմենիան», հայտնի «Ամարասի Արթուրի»` Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի «մեկենասությամբ» և «ձեռամբ», ուր փորձ է արվում տեղակայելու նաև «Հոգևոր Հայաստանը». հիշենք, որ այս կառույցում են Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, այլ կերպ ասած` «Սասնա ծռերի» տղերք-աղջկերքը: Եվ՝ ոչ միայն. Օսկանյանն է գնում-գալիս: Իսկ «ամենաէկզոտիկն» այստեղ Աշոտ Մանուչարյանի գոյությունն է: Չէ, մի շտապեք ասել՝ որտեղ Աշոտը, այնտեղ՝ ձախողում: Հնարավոր է՝ սա հենց այն դեպքը լինի, երբ խուփը գլորվի, գնա-հասնի իր պուտուկին: Այո, սիրում է Աշոտը Հունգարիան տեղափոխել Ալյասկա, Ռուսաստանը` Նիդերլանդներ, իսկ ԱՄՆ-ը` Աֆրիկա: Չբացառենք, որ հայտնի կոմբինատոր Աշոտը կկարողանա ինչ-որ ֆունկցիա-գեներացիա իրականացնել:


Լրջանանք` արձանագրելու. ինչպես և ցայս կանխատեսել էինք. ա) խոշորացվում են համայնքները, օյ, կներեք, կուսակցական-հասարակական, սփյուռքյան կառույցները: Ընդ որում, խոստովանենք նաև, որ դա բխում է փոքրացող, քով քովի եկող աշխարհի գլոբալ շահերից: բ) Սա այն անտես «տյունինգն» է, որն ուղեկցում է բոլորին հոգնեցրած ՀՀԿ-ի «տյունինգին», մի դեպքում՝ ՀՀԿ-ն ստվերում հանգիստ պահել-թողնելու, մյուս դեպքում՝ «գլոբալ-հայտնի» մարդկանց խաղաքարտով խաղալու նկատառումներով:


Այսպիսի դասավորությունը հնարավորություն կտա ընդարձակ մանևրի, հիբրիդային լուծումների, և այս դեպքում ղեկավարելի քաոսը շատ ավելի ընկալելի կդառնա թե՛ դրսի, թե՛ ներսի խաղացողների համար, որովհետև նրանում ներառված են և՛ պրոռուսական, և՛ պրոարևմտյան խաղացողներ, ու շախմատային տախտակի վրա, ի անհրաժեշտություն, հնարավոր կլինի կամ երկուսին միաժամանակ առաջ բերել ու բալանս ապահովել, կամ, պերմանենտ հետ-առաջի սկզբունքով, փոխատեղել խաղարկումը:


Որքան աշխատող կլինի այս սխեման, որքան հնարավոր կլինի ճշգրիտ գծել այս քարտեզը (չմոռանանք, որ այդ խաղատախտակին խաղալու են նաև տարածաշրջանային, այդ թվում` մեծ խաղացողներ), կերևա առաջիկայում:


Այնուհանդերձ, այս տեսանելի և ստվերային դասավորությունները ստիպում են ներքին խաղացողներին, ընդդիմադիրներին, մասնավորապես, Նիկոլի ՔՊ-ին, ՀԱԿ-ին ու մնացյալներին ևս վերադասավորվել` փոխելով, փոխարկելով մինչ այդ եղած իրենց «մոդելները»` խորհրդարանական ընտրությունների և մանդատի համար։ Իսկ թե որքան են արդյունավետ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերջին դասավորությունները, «հաջորդ դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ